Վերջին հարյուրամյակում հետազոտողների մի քանի սերունդ մեծածավալ աշխատանք են կատարել ռուսական ավանգարդի վերաբերյալ։ Այժմ կարելի է ասել, որ գործնականում այդ երևույթի հետազոտական քարտեզի վրա բաց կետեր չեն մնացել։ Մշակույթի և արվեստի բոլոր ոլորտներում իր դրսևորումն ունեցած ավանգարդը, լինելով տեկտոնական բնույթի երևույթ, մաս է կազմել 20-րդ դարի հասարակական և քաղաքական պատմության մեջ տեղ գտած համաշխարհային փոփոխությունների։
«Մեծ ուտոպիա»՝ ժամանակին այսպես էին անվանում այն լայնածավալ միջազգային նախագիծը, որը հնարավորություն տվեց գիտակցելու այս երևույթի ստերեոֆոնային բնույթը։ Այս գիտաժողովը հնարավորություն է հետադարձ հայացք գցելու, նկատի առնելու և գնահատելու ուսումնասիրողների սերունդների կողմից կատարած աշխատանքի հսկայական ծավալը, միևնույն ժամանակ, առաջարկելու հետազոտական նոր ուղիներ և նորարարական մոտեցումներ:
Ցանկությունը՝ սինթեզելու տարբեր արվեստներ կամ արվեստն ու կյանքը, ինչպես նաև ավանգարդ շարժման չզսպվող տրանսգրեսիվ ոգին դեռ կենդանի են, տեղին ու պահանջված: Գիտաժողովը հնարավորություն է շրջանցելու հետազոտության տրորված ուղիներն ու գտնելու նորարարական մոտեցումներ, նոր հայացքներ։ Գիտաժողովի միջգիտակարգային բնույթը կնպաստի մտքերի փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև հումանիտար գիտելիքի տարբեր ճյուղերում՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, պատմության, լեզվաբանության մեջ կիրառվող մեթոդներին դիմելուն:
Մոռացության որոշակի շրջանից հետո ավանգարդի բացահայտումը և նրա նկատմամբ հետաքրքրության աճը թե՛ 1960-ականներին և թե՛ 1980-90-ական թվականներին համընկավ քաղաքական ու սոցիալական կյանքում ակնկալվող փոփոխությունների ծարավի ու մեծ հույսերի հետ։ Այսօր՝ մի քանի տասնամյակ անց, ավանգարդից եկած և ժամանակին համահունչ ազդակներն այնքան էլ շոշափելի չեն, և դա ավելի հստակ և սթափ մոտեցման հնարավորություն է ստեղծում՝ հաշվի առնելով մեր նոր շահերն ու ժամանակակից մարտահրավերները, որոնք թույլ են տալիս նոր ասպեկտներ և իմաստներ արդիականացնել։
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից։
Գիտաժողովի օրակարգն՝ այստեղ:
Գիտաժողովի մուտքն ազատ է, մասնակցության համար գրանցումը՝ ցանկալի։