
Հաստատելով և հաղթահարելով սահմանները. Մեծ Կովկասը տարածաշրջանային և համաշխարհային պատմության մեջ
Նոյեմբերի 1-2-ը Երևանում սպասվում է Մեծ Կովկասի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով, որի ուշադրության կենտրոնում պատմաաշխարհագրական մի մակրոտարածաշրջան է, որը միավորում է բազմաթիվ մշակույթներ, կրոններ, տնտեսական կառույցներ և ինքնություններ։ Գիտաժողովը կազմակերպել են Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանը և Երևանյան միջազգային կրթության կենտրոնը (Ե-Կենտրոն)։ Բանախոսներին և նրանց կողմից առաջարկվող թեմաներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ծրագրում։ Մասնակցությունը՝ գրանցումով։
19-րդ դարի երկրորդ կեսին բրիտանացի պատմաբան և քաղաքական գործիչ Ջոն Էքթոնը այն հարցին, թե ինչ է Անգլիան, պատասխանել է ընդամենը մեկ բառով՝ կղզի։ Մոտ մեկ դար անց ֆրանսիացի հայտնի պատմաբան Ֆերնան Բրոդելը այն հարցին, թե ինչ է Ֆրանսիան, տվել է նույնքան լակոնիկ պատասխան՝ բազմազանություն։ Հսկաների ուսերին կանգնած՝ կարող ենք շարունակել հարցադրումը՝ ի՞նչ է Կովկասը։ Կովկասը սահման է։
Մեծ Կովկասի պատմական քարտեզը զանազան քաղաքական, էթնիկական, մշակութային, լեզվական և մտահոգևոր սահմանների պալիմպսեստ է: Դրանցից շատերի առանձնահատկությունը եղել է բարձր թափանցելիությունն ու սահմանային տարածությունների յուրահատուկ ծակոտկենությունը։ Նման սահմանները ոչ միայն բաժանել, այլև միավորել ու ձևավորել են մշակութային երկլեզվության փորձ ունեցող համայնքներ, խթանել են միջմշակութային փոխանակումներն ու միջմշակութային միջնորդների ֆենոմենը։ Սահմանի ստեղծումը նշանակում էր ոչ միայն պատնեշ ստեղծել, այլ նաև անհրաժեշտ պայմաններ ապահովել մարզերի միջև` տարբեր համակարգերում եւ հաստատություններում համագործակցելու համար։ Հարևանի սուբյեկտայնության ճանաչումն ու ըմբռնումը փոխարկիչի (transponder) դեր է խաղացել սահմանները հաղթահարելու գործում։
Գիտաժողովի շրջանակներում մենք ցանկանում ենք Մեծ Կովկասը դիտարկել որպես սահմանային տարածք, որը զանազան մշակութային, սոցիալական և քաղաքական լիցքեր է պարունակում: Մենք առաջարկում ենք դիտարկել սահմանների երևույթը լայն առումով և նկատի ունենալ ոչ միայն քարտեզների վրա գրանցված սահմանները, այլև վերակառուցել այն սահմանները, որոնք անցել են իշխանության և կառավարման ինստիտուտների, հանրային տարածքների, իրավական ավանդույթների և նորարարությունների, կենցաղային պրակտիկայի, գեղարվեստական ստեղծագործությնների, մշակութային խորհրդանիշների և պատկերների միջով։ Մենք ակնկալում ենք միջառարկայական զրույց պատմաբանների, մարդաբանների, մշակութաբանների և տնտեսագետների միջև:
Այս կարևոր ակադեմիական միջոցառումը կազմակերպվում է Ե-Կենտրոնում, որը նախատեսում ենք դարձնել նշանակալի հետազոտական հաստատություն Մեծ Կովկասի պատմության և քաղաքականության ուսումնասիրության ոլորտում: Գիտաժողովը թույլ կտա գնահատել միջազգային ակադեմիական համագործակցության հեռանկարները և որոշել համատեղ գիտական նախագծերի առաջնահերթ թեմաները:
Աշխատանքային լեզուներ՝ ռուսերեն և անգլերեն:
Additional Details
To register for this event email your details to chrisginosyan@gmail.com
Date And Time
2023-11-03