Երևանյան միջազգային կրթության կենտրոնը (Ե-Կենտրոն) 2024 թվականը մեկնարկում է մի քանի խորացված դասընթացով, որոնցից, թերևս, ամենաբացառիկները հայտնի ռուս քաղաքագետ, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր և արդեն Ե-Կենտրոնի ասոցիացված գիտաշխատող Վլադիմիր Գելմանի երկու կուրսերն են։
Գարնանային կիսամյակին ընդառաջ, փետրվարի 9-ին կմեկնարկեն հետևյալ առցանց դասընթացները, որոնց աշխատանքային լեզուն անգլերենն է․
1․ Քաղաքական փոփոխությունները հետսովետական Եվրասիայում
2․ Սոցիալական և քաղաքական հետազոտությունների մեթոդաբանությունն ու պրակտիկան
«Քաղաքական փոփոխությունները հետսովետական Եվրասիայում» դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր փնտրում են ժամանակակից քաղաքականության հիմնական հարցերի պատասխանները։ Գիտական բացատրություններով և համեմատական տեսանկյունից անդրադարձ է կատարվելու Խորհրդային և հետխորհրդային քաղաքականությանը։ Բացատրվելու են նաև «գունավոր հեղափոխությունների» և դրանց հաջորդող ժամանակների քաղաքական կուրսի շարունակականությունն ու փոփոխությունների օրինաչափությունները։
«Սոցիալական և քաղաքական հետազոտությունների մեթոդաբանությունն ու պրակտիկան» խորագրով դասընթացում հատուկ ուշադրություն է դարձվելու էմպիրիկ հետազոտական ծրագրերի տրամաբանությանն ու զարգացմանը։ Վլադիմիր Գելմանը ուսուցանելու է հետազոտության գործընթացի բոլոր փուլերը՝ հետազոտական խնդրի ձևակերպումից մինչև գիտական հոդվածների հրապարակում։ Ինչպես նաև քննարկվելու են տեսությունների, վարկածների, տվյալների դերի և հետազոտության արդյունքների ներկայացման ձևաչափերի մասին հարցերը:
Երկու խորացված դասախոսություններին էլ կարող են դիմել ինչպես ուսանողները, գիտնականները, հետազոտողները ու դասախոսները, այնպես էլ բոլոր ցանկացողները, քանի որ դրանք չեն պահանջում հատուկ մասնագիտական կրթություն։
Կա մասնակցության 2 եղանակ.
1.Կատարել բոլոր առաջադրանքներն ու ստանալ Դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր,
2. Մասնակցել որպես ազատ ունկնդիր և ստանալ Մասնակցության հավաստագիր։
Դասընթացների համար գործում է ճկուն վճարային համակարգ, հատկապես ուսանողների համար։ Ի դեպ, ուսանողները կարող են նաև դիմել Ե-Կենտրոնի կրթաթոշակին՝ ներկայացնելով մոտիվացիոն նամակ և մասնակցելով մրցույթի։ Ամենամոտիվացված ուսանողները հնարավորություն կունենան դասընթացին մասնակցել անվճար։
Հետևե՛ք Ե-Կենտրոնին սոցիալական ցանցերում, և բաց մի՛ թողեք մեր սպասվող միջոցառումների ու դասընթացների մասին տեղեկատվությունը։