Յուրի Ագաֆոնովի նոր հոդվածը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի The Russia Program կայքում

25.05.2024

Յուրի Ագաֆոնովի նոր հոդվածը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի The Russia Program կայքում

Երևանյան միջազգային կրթության կենտրոնի գիտաշխատող Յուրի Ագաֆոնովը հոդված է հրապարակել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի The Russia Program կայքում։ Հոդվածը, որ վերնագրված է Sources and Trends in Russian Foreign Policy Discourse: A Quantitative Text Analysis of Key Concepts, օգտագործում է քանակական տեքստի վերլուծություն և ուսումնասիրում է, թե ինչպես են արտաքին քաղաքականության մասին հիմնական հասկացությունները օգտագործվում Ռուսաստանի քաղաքական և ինտելեկտուալ դիսկուրսում: Հոդվածում վերլուծվող հիմնական հասկացությունները երեքն են՝ «Ուկրաինա», «Ռուսական աշխարհ» և «բազմաբևեռ աշխարհ»:

Հոդվածի նպատակն է բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին հռետորաբանությունը, որ արտադրվում է տարբեր խմբերի կողմից (խորհրդարանի անդամներ, նախագահ և արտաքին քաղաքականության վերլուծության հետ կապված մտավորականներ) փոխկապակցված ժամանակի և բովանդակության առումով:

Հոդվածը եզրակացնում է, որ հռետորաբանությունը, որպես կանոն, սինխրոնացվում է հիմնական իրադարձությունների շուրջ՝ գրեթե միշտ հիմնական հասկացությունների օգտագործման հաճախականության միջոցով, իսկ երբեմն էլ՝ ըստ բովանդակության: Որոշ հասկացություններ «շրջանառության մեջ են դրվում» կոնկրետ խմբերի կողմից. կարող է լինել սինխրոնացում ժամանակի, բայց ոչ բովանդակության առումով: Որոշ խմբեր նախաձեռնում են հասկացությունների կիրառումը, իսկ մյուսները՝ վերցում դրանք:

Իշխանության ներկայացուցիչները երբեմն առանձնապես մտահոգված չեն հասկացությունների բովանդակությամբ․ նրանք գործածում են այդ հասկացությունները որպես հռետորական միջոցներ: Բացի դրանից, նրանք կարող են շրջանառության մեջ դնել գաղափարապես լիցքավորված հասկացություններ, որոնք մտավորականներն այնուհետև ճշգրտում և տեղավորում են առկա տեսական շրջանակների մեջ, թեև ոչ միշտ են մեծ ոգևորությամբ անում դա: Նույնը կարելի է ասել և մտավորականների վերաբերյալ։ Նրանք կարող են շրջանառության մեջ մտցնել հայեցակարգեր, որ այնուհետև փոխառվում և վերաիմաստավորվում են պաշտոնյաների կողմից:

Որոշ իրադարձություններ խթանում են հիմնական հասկացությունների օգտագործումը, ինչը հանգեցնում է սինխրոնացման՝ ըստ ժամանակի: Այնուամենայնիվ, տարբեր խմբեր հակված են այս կամ այն հասկացությանը տարբեր իմաստներ տալ՝ ելնելով իրենց սկզբնական ըմբռնումներից և ներկա քաղաքական նպատակներից:

Հոդվածը հասանելի է այստեղ։